Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտել է մարզական կարիերան, որի կապակցությամբ նրան ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Գիլոյանը մարզուհուն շնորհակալություն է հայտնել ծանրամարտի պատմության մեջ գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն ու կամքի դրսևորումը չափազանց գնահատելի և օրինակելի են ոչ միայն մարզիկների, այլև, ընդհանրապես, մարդկանց համար, որոնք պետք է անցնեն պայքարի ուղին: Դուք արժանի եք ամենաբարձր մեծարանքին»,- ասել է Գիլոյանը:
Փետրվարի 19-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալ էր նվաճել: 36-ամյա ծանրորդուհին իր վերջին մոտեցումից հետո հասկացրել էր, որ դա իր կարիերայի վերջին ելույթն է։