Մայիսի 8-ին Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված նորածինը շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո վերամիավորվել է ընտանիքի հետ, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդա Ջուլիկյանի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը։
«Մոտ երկու ամիս ապրեց մեզ մոտ, մայիսի կեսերին ընդունեցինք շատ աղմկահարույց պատմությամբ ու շնորհիվ կիրթ, գրագետ աշխատանքի, այսօր մայրիկին ու բալիկին հնարավորություն է ստեղծվել իրար գրկելու, տալու ընտանեկան սերը, ջերմությունը»,- ասել է Ջուլիկյանը։
Մայիսի 8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել էր առանց խնամքի թողնված երեխա և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նորածինը մայիսի 15-ին բժշկական կենտրոնից դուրս էր գրվել և տեղափոխվել մանկատուն։ Ոստիկանությունը մայիսի 15-ին հայտնաբերել էր երեխայի մորը։ Ոստիկանները պարզել էին, որ երեխայի մայրը 2000թ․ ծնված Շիրակի մարզի բնակչուհի է։