Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես կարելի է խուսափել հեռախոսազանգերով խաբեություններից։
Նա հայտնել է հեռախոսազանգերով խարդախությունների աճի մասին։ Մարտիրոսյանի խոսքով՝ զանգում են տվյալ մարդու բանկի կամ էլեկտրոնային դրամապանակի անունից, ընդ որում՝ բոլորի հեռախոսահամարները կեղծվում են և զանգ ստացողները կարծում են, թե զանգել են հենց իրենց բանկից։
«Պատմում են, որ դուք խնդրի առաջ եք կանգնած, ինչ-որ հանցագործներ Ձեր հաշվեհամարով վարկ են ձևակերպում, ասում են՝ հիմա կոդ կուղարկենք, այդ կոդն ասեք, որ կասեցնենք։ Իրականում՝ զանգողը հենց այդ վարկ ձևակերպողն է։ Մարդուց հնարավոր ինֆորմացիա են վերցնում և զանգի ընթացքում ձևակերպում վարկը»,- ասել է փորձագետը։
Մարտիրոսյանն ընդգծել է, որ պետք է իմանալ, որ ոչ մի ֆինանսական կազմակերպություն, ոչ մի բանկ հեռախոսով գաղտնաբառ կամ կոդ չի հարցնի։
«Եթե ձեզ զանգել են բանկից ու զգում եք, որ չափից շատ բան են հարցնում, անպայման չէ հենց այդ կոդը լինի, ամեն դեպքում՝ անջատեք ու նույն համարով հետ զանգեք և հարցրեք, թե արդյոք այդ բանկից Ձեզ զանգե՞լ են»,- խորհուրդ է տվել փորձագետը։