Քաղաքագետ, լրագրող Սարգիս Ծատուրյանը հայտարարել է «Աշխարհաժողով» համահայկական շարժման մեկնարկի մասին։
Իր ուղերձում նա հայտարարել է, որ հայերն այժմ կորցրել են իրենց ավանդական կառավարման համակարգը, որը հիմնված էր աշխարհաժողովի գաղափարի վրա։
«Եղբայրներ և քույրեր, վերջին երկու տարիներին Հայաստանի և Սփյուռքի իմ գաղափարակիցների հետ միասին համակարգային ճգնաժամից ելք ենք փնտրում հայ ժողովրդի համար։ Եվ մենք գտել ենք այդ ելքը. այսօր ես ձեզ պարզապես հերթական կուսակցություն կամ շարժում չեմ առաջարկում։ Հրավիրում եմ ձեզ բռնել միմյանց ձեռքերը և միասին վերականգնել ժողովրդական ինստիտուտը։ Խոսքն «Աշխարհաժովովի» մասին է»,- իր գաղափարի մասին նշել է Ծատուրյանը։
«Աշխարհաժողովը», բացատրել է Ծատուրյանը, Մեծ Հայքի բոլոր 15 աշխարհականների ժառանգների ժողովն է։
«Ժողովուրդը, համախմբվելով այս մարմնի շուրջ, հազարամյակներ շարունակ որոշել է պատերազմի և խաղաղության հարցերը, սահմանել օրենքներ, որոնցով ապրել է, թագավորներ նշանակել, ինչպես նաև միավորվել՝ օտար զավթիչներին դուրս մղելու համար»,- ասել է նա։
«Մենք հաճախ դժգոհում ենք, որ քաղաքական գործիչները դավաճանում են հայ ժողովրդին։ Ժամանակն է վերջ դնել դրան։ Ի վերջո՝ ժողովուրդն ինքն իրեն չպետք է դավաճանի։ Ես առաջարկում եմ վերստեղծել մի ինստիտուտ, որտեղ ժողովուրդն ինքնուրույն կորոշի իր ճակատագիրը»,- ասել է նա։
Ծատուրյանի խոսքով՝ «մեզանից յուրաքանչյուրը հայկական հողի որոշակի հատվածի ժառանգորդն է, որը նա պետք է ներկայացնի Աշխարհաժողովում»։
«Օրինակ, ես՝ Սարգիս Ծատուրյանս, Ուտիքից եմ։ Եթե դուք Բարձր Հայքից, Տայքից, Նախիջևանից, Սյունիքից, Արցախից, Արարատից կամ Հայքի մեկ այլ աշխարհից եք, ապա սպասում եմ ձեր մասնակցությանը։ Այցելեք Ashkharazhokhov.org կայք, գրանցվեք և միացեք համահայկական շարժմանը»,- ասվում է նրա հայտարարության մեջ։
Նա հայտարարել է, որ շարժման նպատակն է «վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։
«Ոչ թե Խորհրդային Հայաստանը, այլ իրական Հայաստանը, որը թուրքերը գողացել են մեր պապերից ու նախապապերից»,- հավելել է Ծատուրյանը։