«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնել է, որ անում է առավելագույնը՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում առկա էլեկտրամատակարարման ընդհատումների հետ կապված խնդիրը լուծելու համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հիշեցրել է, որ անջատումները կապված են հուլիսի 6-ին «Երևանի ՀԷԿ 1»-ում (Երևանի առաջին հիդրոէլեկտրակայան-խմբ․) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետ:
«Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը և հավաստիացնում, որ անում է հնարավորը՝ առավելագույնս արագ խնդրին վերջնական լուծում տալու, էլեկտրամատակարարման հիմնական սխեմային վերադառնալու և բաժանորդներին նվազագույն անհանգստություն պատճառելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անջատումների խնդիրը լուծելու համար ընկերության կողմից մշակվել են բաժանորդների էլեկտրամատակարարման ապահովման ժամանակավոր սխեմաներ և Էլեկտրասնուցումն ապահովվում է տարբեր այլընտրանքային աղբյուրներից, որոնք այս ժամանակահատվածում պարբերաբար փոփոխվում են։
«Վթարը բավականին մեծ է իր մասշտաբներով, սակայն ընկերության կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում մշակվել են բաժանորդների էլեկտրամատակարարման ապահովման ժամանակավոր սխեմաներ»,- հայտնել է ընկերությունը։
ՀԵՑ-ից նշել են, որ էլեկտրասնուցման ապահովումն այլընտրանքային աղբյուրներից հնարավոր է դարձել իրականացնել շնորհիվ ընկերության կողմից կատարված մեծածավալ ներդրումային ծրագրերի։
«Այլ պարագայում՝ նմանատիպ վթարի հետևանքների վերացմանն ուղղված ժամկետները մի քանի անգամ կգերազանցեին այսօրվա ժամկետներին»,- ընդգծել են ՀԷՑ-ից։
Ընկերությունից հայտնել են, որ հաշվի առնելով վթարի ծավալները՝ ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական ծառայության շուրջօրյա գործող 1-80 զանգերի կենտրոնն աշխատում է խիստ ծանրաբեռնված արտակարգ ռեժիմով, իսկ էլեկտրամատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև ավտոմատ ծառայության միջոցով, որի համար անհրաժեշտ է մուտքագրել բաժանորդական քարտի կամ պայմանագրին կցված հեռախոսահամարը։
Հուլիսի 6-ին ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Armenia Today-ին հայտնել էր, որ հրդեհ է բռնկվել Հրազդանի կիրճում գտնվող Երևանի հիդրոէլեկտրակայանում։ Նա ասել էր, որ հրդեհի պատճառը մալուխի բռնկումն է: ՀԷԿ-ում բռնկված հրդեհի պատճառով Երևանի մի մասը մնացել էր առանց էլեկտրականության. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը նշել էր, որ հոսանքազրկվել է Կորյուն փողոցից մինչև Բաղրամյան պողոտան։ Նույն օրը երեկոյան Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհը մարվել է։