Լոռու ու Տավուշի մարզերում «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության միջազգային կապուղիների վնասման հետևանքով Հայաստանում բջջային ու ինտերնետ կապի սահմանափակումներ կան, հայտնում է «Ազատությունը»՝ հղում անելով «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ին։ Ընկերությունը մանրամասնել է, որ Կիրանցում արդեն վերականգնվել է վնասված կապուղին, Ալավերդիում դեռ շարունակվում են վերականգնողական աշխատանքները։
Ըստ ընկերության՝ մալուխներից մեկը Կիրանցի շրջանցիկ ճանապարհի կառուցման պատճառով է վնասվել, մյուսը՝ Լոռու մարզում ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում։ «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ից փոխանցել են, որ խափանումները կվերացվեն առաջիկա ժամերին։
Ավելի վաղ «Տելեկոմ Արմենիա»-ն հայտարարել էր ֆիքսված ու բջջային ինտերնետ ծառայությունների հասանելիության սահմանափակման մասին։ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը հայտնել է, որ մալուխներն անցնում էին այն ճանապարհի մոտով, որը մոտ մեկ շաբաթից լինելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո: «Փոխում, անցկացնում են ՀՀ տարածքով»,- գրել է նա:
Ֆիքսված կապի խափանումների մասին հայտնել էր նաև Ucom ընկերությունը։