ՀՀ-ում մայիսի 26-ին ջրհեղեղից տուժած Տավուշի և Լոռու մարզերում միջպետական նշանակության Մ4 և Մ6 ավտոճանապարհների մի մասը ժամանակավոր փակ է, որոշ ճանապարհահատվածներում սահմանափակ է երթևեկությունը, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
«Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածի որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է։ Բացի այդ, Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջևան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային):
Ըստ հաղորդագրության՝ Մ-6 ավտոճանապարհից Դսեղ գյուղ տանող ճանապարհահատվածը (կամրջի վերանորոգման պատճառով) փակ է, գործում է Եղեգնուտ-Դեբեդ-Դսեղ այլընտրանքային ավտոճանապարհը։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հաղորդել է գերատեսչությունը Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին հղմամբ։