«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նախատեսում է մինչև օգոստոսի 10-ն ամբողջությամբ վերացնել Հրազդանի կիրճում գտնվող «Երևանի ՀԷԿ 1»-ում հուլիսի 6-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքները, ասվում է Armenia Today-ին տրամադրված հաղորդագրության մեջ։
ՀԷԿ-ն էլեկտրաէներգիա է մատակարարում Երևանի Կենտրոն վարչական շրջանի 30%-ին և Արաբկիր վարչական շրջանի 20%-ին, նշել են ընկերությունից։
«Այսօրվա դրությամբ՝ այդ բեռը տեղաբաշխվել է ընկերության այլ ենթակայանների միջև և էլեկտրասնուցումն ապահովվում է պահուստային մալուխներով հավաքված, այլընտրանքային սխեմայի միջոցով։ Մինչդեռ սովորական պայմաններում պահուստային մալուխները ծառայում են հիմնական մալուխների փոխարինման համար»,- նշել են ընկերությունից։
Ընկերությունից պարզաբանել են, որ սովորական պայմաններում վթարի դեպքում մինչև հիմնական մալուխների նորոգումը դրանք փոխարինվում էին պահուստայինով, այժմ չունենալով պահուստային սնուցում՝ բաժանորդները հոսանքազրկվում են։ Բացի դրանից, վթարների վերացման ժամկետները նախատեսվածից ավելի են տևում։
«ՀԷՑ»-ից նաև նշել են, որ հաշվի առնելով վթարի մասշտաբները՝ ընկերության մասնագետներն աշխատում են շուրջօրյա՝ անելով հնարավոր ամեն բան բաժանորդների անհարմարությունները նվազագույնի հասցնելու համար։ Ընկերությունից հիշեցրել են, որ իրենց զանգերի կենտրոնն աշխատում է արտակարգ ռեժիմով և արտակարգ իրավիճակի պատճառով չի հասցնում պատասխանել մեծաթիվ զանգերին, և կոչ են արել մարդկանց օգտվել ավտոմատ ծառայությունից՝ էլեկտրաէներգիայի անջատումների մասին տեղեկատվություն ստանալու համար հավաքելով 1-80 կարճ համարը։
Հուլիսի 6-ին ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Armenia Today-ին հայտնել էր, որ հրդեհ է բռնկվել Հրազդանի կիրճում գտնվող Երևանի հիդրոէլեկտրակայանում։ Նա ասել էր, որ հրդեհի պատճառը մալուխի բռնկումն է: ՀԷԿ-ում բռնկված հրդեհի պատճառով Երևանի մի մասը մնացել էր առանց էլեկտրականության. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը նշել էր, որ հոսանքազրկվել է Կորյուն փողոցից մինչև Բաղրամյան պողոտան։ Նույն օրը երեկոյան Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհը մարվել է։
Հուլիսի 9-ին ՀԷՑ-ը երևանցիներին նախազգուշացրել էր Հրազդանի կիրճի հիդրոէլեկտրակայանում հուլիսի 6-ին բռնկված հրդեհից հետո հոսանքազրկումների մասին։ Ընկերությունը վստահեցրել էր, որ միջոցներ է ձեռնարկում խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։