Քննչական կոմիտեն զգուշացրել է հեռախոսային զանգերի միջոցով իրականացվող խարդախության դեպքերի մասին, երբ խաբեբաները, ներկայանալով որպես բանկի աշխատակիցներ, մարդկանց մոլորության են մատնում, ստանում գաղտնաբառերը և նրանց անունով վարկեր ձևակերպում կամ հաշիվներից գումարներ հափշտակում։
«Բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների հեռախոսահամարների հետևում կարող են հաքերներ լինել։ Ներկայանալով բանկի կամ կազմակերպության աշխատակից, գերազանց հայերեն խոսելով, բանկային տերմիններ օգտագործելով՝ վստահեցնում են մարդկանց, որ ինչ-որ մեկն իրենց անունից ցանկանում է վարկ ձևակերպել։ Գործարքը չեղյալ համարելու համար խորդորում են փոխել գաղտնաբառը, այնուհետև պահանջում ծածկագիրը, ինչը ստանալով՝ ձևակերպում են վարկային պայմանագրեր, գումար հափշտակում»,- ասվում է Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութում։
Կոմիտեն հայտնել է, որ այս սխեմայով մեկ քաղաքացու անունով 1,4 մլն դրամի վարկ են ձևակերպել, ինչպես նաև նրա հաշվից հափշտակել մոտ 150 հազար դրամ։
Ըստ ՔԿ-ի հատկապես կարևոր գործերի գլխավոր վարչության ավագ քննիչ Գոհար Արասխանյանի՝ համակարգչային խարդախության զոհ է դարձել մոտ 50 մարդ, իսկ հափշտակված դրամական միջոցների ընդհանուր գումարը կազմում է մոտ 40 մլն դրամ։ Նա հավելել է, որ հանցանք կատարած անձինք դեռ չեն հայտնաբերվել։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը քաղաքացիներին զգուշացրել էր նմանատիպ խարդախության մասին։