Հուլիսի 17-ին ն Սևանի «Best Western Bohemian Resort» հյուրանոցային համալիրում սպանված Արսեն Աֆիյանը Սևան համայնքի ավագանու անդամ էր, տեղեկանում ենք Սևանի քաղաքապետարանի Facebook-յան էջից։
Երեք անչափահաս երեխաների հայր Աֆիյանը 36 տարեկան էր։
«Դեռ շատ երիտասարդ էիր ու կյանքն էլ առջևումդ էր։ Դեռ ավագ որդուդ պիտի առաջին դասարան տանեիր, միջնեկ զավակիդ՝ մանկապարտեզ, իսկ նորածին դուստրդ քո մասին կիմանա ու քեզ շատ կսիրի հարազատներիդ խոսք ու զրույցներից»,- ասված է քաղաքապետարանի ցավակցական ուղերձում։
Shamshyan.com-ը գրել էր, որ հուլիսի 17-ին «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կան վրավորներ և մեկ զոհ։ Կրակոցի հետևանքով մահացած Աֆիյանը, կայքի տեղեկություններով, ատամնաբույժ է։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել, ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի 19-ամյա և Տավուշի մարզի 40-ամյա բնակիչներ։
ՔԿ տվյալներով՝ ձերբակալվածները մի խումբ անձանց հետ հանգստի նպատակով այցելել են հյուրանոցային համալիր, որտեղ վիճաբանել են նշված վայր հաճախած Աֆիյանի, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչ հանդիսացող տղամարդկանց և Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ կնոջ հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ։