«Զվարթնոց» օդանավակայանը հաղորդագրություն է տարածել օդանավակայանի հերթերի մասին, որի վերաբերյալ հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ էր տարածել։ Նա հայտնել էր, որ հերթերից խուսափելու համար քաղաքացիներին առաջարկում են վճարել։ Armenia Today-ի թղթակիցը վերջին 2 շաբաթների ընթացքում ևս բախվել է թռիչքների ուշացման, իսկ Երևան ժամանելիս՝ անձնագրային հսկողության ժամանակ մարդկանց երկար սպասեցնելու և ծանրաբեռնվածության հետ։
Օդանավակայանից պարզաբանել են, որ ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ՝ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները։
«Չվերթերի կուտակումն առաջացնում է ոչ պլանավորված խցանում, քանի որ տարբեր օպերատիվ պայմաններից ելնելով՝ չվերթերը ուշ կամ շուտ են ժամանում: Արդյունքում՝ սահմանային անցակետում գոյանում են մեծ հերթեր: Ուղևորների ճանապարհորդությունը հարմարավետ և արագ դարձնելու համար օդանավակայանն ու ավիաընկերություններն առաջարկում են տարբեր ծառայություններ, ինչպես օրինակ` օդանավակայանում գործող «Fast Track», «VIP» ծառայությունները, ավիաընկերությունների կողմից առաջարկվող բիզնես դասի տոմսերը և այլ տարատեսակ վճարովի ծառայություններ: Այն ամբողջ աշխարհում ընդունված կարգ է, և այս հարցում օդանավակայանը բացառություն չէ»,- հավելել են օդանավակայանից։
Միևնույն ժամանակ՝ հայտնել են, որ ուղևորների ներհոսքը կառավարելու տարբեր լուծումներ են ուսումնասիրում։