Հուլիսի 19-ին Երևանի հասարակական տրանսպորտում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև միջադեպ է տեղի ունեցել, վարորդն իր դիմումի համաձայն կազատվի աշխատանքից, հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ համացանցում տարածված տեսանյութն ամբողջական չէ։ Միայն ակնհայտ է, որ վարորդը և ուղևորը վիճաբանում են, և վարորդը շիշ է նետում ուղևորի ուղղությամբ։
«Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդն ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարք է դրսևորել։ Տվյալ վարորդն իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»,- հավելել է Կոստանյանը՝ մեկնաբանելով այսօր սոցցացերում, այդ թվում՝ «Ազգային ճակատ» ՀԿ-ի էջում տարածված տեսագրությունները, որոնցում երևում է, որ ավտոբուսի վարորդն ուղևորի հետ լեզվակռվից հետո նրա վրա ջրի շիշ է նետում, իսկ ավտոբուսը կանգնեցնելուց հետո՝ դուրս է գալիս իր խցիկից, մտնում ավտոբուս և սկսում հարաբերություններ պարզել ուղևորի հետ։