Օդային ռոբոտատեխնիկայի կենտրոնի թիմը American Control Conference 2024-ի ընթացքում ինքնավար մեքենաների մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԳՆԿԿ (CSIE) և ՀԱՊՀ համագործակցության շրջանակներում օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ձևավորված ուսանողական թիմը գիտաշխատող Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ փայլուն կերպով մասնակցել է American Control Conference 2024 գիտաժողովի ընթացքում Quanser ընկերության կազմակերպած ինքնավար մեքենաների մրցույթին և զբաղեցրել պատվավոր երրորդ հորիզոնականը»,- գրել է նախարարը։
Նրա խոսքով՝ առաջին անգամ է, երբ Հայաստանը ներկայանում էր կառավարման համակարգերի ոլորտում հեղինակավոր American Control Conference 2024 գիտաժողովին, որին մասնակցում էին հեղինակավոր գիտնականներ ողջ աշխարհից։ Մրցույթին մասնակցում էր աշխարհի առաջատար համալսարանները ներկայացնող 39 թիմ, որից միայն 8-ն էր հաղթահարել առաջին փուլը և ներկայացել Կանադայում։
«Չնայած բարդություններին՝ հայկական թիմը կարողացավ հենց առաջին փուլից հայտնվել լավագույն եռյակում և հնչեցնել Հայաստանի օրհներգը նման պատվավոր գիտաժողովի ընթացքում»,- նշված է գրառման մեջ։
Ըստ Հայրապետյանի՝ մրցույթի ընթացքում ուսանողներն ուսումնասիրել են ավտոմատ կառավարման առաջատար մեթոդներ և կիրառել համակարգչային տեսողության ալգորիթմներ՝ լուծելով իրենց առջև դրված խնդիրները։ Առաջին փուլի ընթացքում մշակված ալգորիթմները ներդրվել են Quanser ընկերության QLab վիրտուալ միջավայրում՝ QCar վիրտուալ ռոբոտի վրա և գրանցել են առաջադրված երթուղու վազանցը 31 վայրկյանի ընթացքում։
«Կանադայում՝ երկրորդ փուլի ընթացքում, նույն ալգորիթմը կիրառվել է իրական ռոբոտի վրա։ Երթուղով անցնելիս ռոբոտի վրա կիրառված ալգորիթմն ամբողջովին ավտոնոմ կերպով պահպանել է երթևեկության բոլոր կանոնները՝ մնալով երթևեկելի գոտում»,- գրել է նախարարը։