Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը դիմել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ Երևանի օդանավակայանում ռուսների նկատմամբ խտրականության դեպքերի առնչությամբ, հայտնում է «Ռիա նովոստին»՝ հղում անելով խորհրդի Telegram ալիքին։
Ըստ հաղորդագրության՝ խորհուրդը դիմումներ է ստացել ռուսներից, որոնց իրավունքները խախտվել են հայկական FlyOne ավիափոխադրողի ներկայացուցիչների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակիցների կողմից։
«Կարդալով բաց աղբյուրների հրապարակումները՝ հանգել ենք այն եզրակացության, որ նկարագրված իրավիճակները, ցավոք, առանձին դեպքեր չեն, խնդրում ենք ՀՀ իրավասու մարմինների ուշադրությանը ներկայացնել նաև ներկայացված տեղեկատվությունը որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հետ նման միջադեպերի անթույլատրելիության վերաբերյալ մեր դիրքորոշումը»,- ասված է Ֆադեևի՝ Հարությունյանին ուղղված նամակում։
Ըստ խորհրդի զեկույցի՝ օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը հուլիսի 6-ին «գնել է ազատ տեղ չունեցող թռիչքի տոմս և նրան որևէ փոխհատուցում չի առաջարկվել»։ Մեկ այլ իրավիճակ, ըստ հաղորդագրության, տեղի է ունեցել հունիսի 3-ին, երբ մի խումբ ռուսներ չեն նստել Մոսկվա մեկնող ինքնաթիռ՝ չվերթի ուշացման պատճառով, օդանավակայանի ներկայացուցիչները նրանց բերման են ենթարկել առանց բացատրության և տեղափոխել ոստիկանության բաժանմունք։