Փարիզում բացվել է «Հայաստանի տունը», որը կգործի Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի ժամանակ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և մարզիկներ։
Ըստ հաղորդագրության՝ Հարությունյանը ողջույնի խոսքում հաջողություններ է մաղթել մարզիկներին և համոզմունք հայտնել, որ նրանք կներդնեն բոլոր ջանքերը՝ Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու գործում:
Հայկական տունը կգործի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 11-ը։ Հայկական տան բացման մասին հուլիսի 19-ին հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ այնտեղ կկազմակերպվեն տարատեսակ միջոցառումներ, երկրպագուների հետ հանդիպումներ։