Վերջին չորս տարում Հայաստանը լքած արցախցիների թիվը գրեթե 24 հազար է, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը Լեռնային Ղարաբաղում հաշվառված 49,975 մարդ է մեկնել Հայաստանից, որից 26,571-ը վերադարձել է, իսկ 23,404-ը՝ ոչ»,- նշված է պատասխանում։
Ծառայությունից պարզաբանել են, որ արցախցիներն ամենից հաճախ մեկնել են հինգ երկրներ՝ Ռուսաստան, Վրաստան, Եգիպտոս, Իրան և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ըստ նվազման։
Հունիսի 25-ին ՀՀ ԱԱԾ-ն Armenia Today-ի հարցման ի պատասխան հայտնել էր 2020-2024 թվականներին Հայաստանից հեռացած արցախցիների թիվը, ովքեր հաշվառում են ունեցել Արցախում։ ԱԱԾ տվյալները փաստում են, որ վերջին 4 տարիներին Հայաստանից հեռացել ու ՀՀ այլևս չի վերադարձել Արցախում հաշվառում ունեցող ավելի քան 21 000 քաղաքացի։
Մայիսի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափել էր պատասխանել Armenia Today-ի թղթակցի հարցին, թե Հայաստանը վերջին երեք ամիսների ընթացքում Արցախից քանի՞ տեղահանված է լքել։ Փաշինյանն ուռճացված էր անվանել «Ժողովուրդ» օրաթերթի այն տեղեկությունը, թե ԼՂ շուրջ 16 հազար բռնի տեղահանված լքել է Հայաստանը։
2024 թվականի հունվարին արցախցիների շրջանում անցկացված հարցման մասնակիցներն Armenia Today-ին ասել էին, որ ստիպված են մտածել արտերկրում աշխատելու մասին, քանի որ իրենց առաջարկվող աշխատավարձը, օրինակ՝ որպես դպրոցի ուսուցիչ, թույլ չի տալիս հոգալ բնակարանի վարձակալության և երեխաների խնամքի ծախսերը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։ Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական։