Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի գյուղում գտնվող Momik WineCube գինու գործարանը Եվրոպայի ամենագեղեցիկ գինեգործարանների թոփ տասնյակում է, հայտնում է РБК-ն։
«DFDS-ը (Det Forenede Dampskibs-Selskab) հետազոտություն է անցկացրել՝ վերլուծելով Google-ի ավելի քան 20 հազար կարծիք՝ որոշելու Եվրոպայի ամենագեղեցիկ խաղողի այգիները: Ընկերությունը գնահատել է խաղողի այգիների մասին մեկնաբանությունները՝ փնտրելով «գեղեցիկ» կամ «գեղատեսիլ» բառերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գինու գործարանի ղեկավար Նվեր Ղազարյանը РБК-ի հետ զրույցում նշել է, որ սկզբում գինի է արտադրել միայն իր համար, բայց հետո որոշել է այն բիզնես նախագծի վերածել։
«One Armenia-ի, Vineyards of Armenia-ի, գերմանական GIZ կազմակերպության և USAD-ի («Իմ Հայաստան» ծրագիր) կազմակերպությունների, ինչպես նաև 227 ներդրողների աջակցության շնորհիվ «Խաղողի այգուց շիշ» նախագծի ստեղծման երազանքը դարձել է իրականություն»,- ասել է Ղազարյանը։
Հրատարակությունը հավելել է, որ Momik WineCube-ում աճեցվում են եզակի էնդեմիկ խաղողի տեսակներ, ինչպիսիք են «սև արենին» և «ոսկեհատը»: «Գինեգործարանի շրջակայքում հայտնաբերվել են խաղողի սերմեր և կեղևներ, որոնք, ըստ գիտականորեն ապացուցված փաստերի, վկայում են այն մասին, որ այս տեսակը տարածաշրջանում աճեցվել է մոտ 6100 տարի առաջ»,- ասել է գինեգործը։
2024 թվականին Հայաստանը կհյուրընկալի UNWTO համաշխարհային գինու զբոսաշրջության ութերորդ համաժողովը։ Նախկինում Forbes-ը նշել էր հինգ հայկական բուտիկ գինեգործարաններ, որոնք խորհուրդ է տալիս այցելել՝ ելնելով նրանց գինիների յուրահատկությունից, համից և խառնուրդից, խմորման և հնեցման եղանակներից և միայն մեկ կումով գինեգործության պատմությունը պատմելու կարողությունից: Simpe wine news-ն էլ պատմել է հայկական գինիների ակնառու օրինակների մասին։