Օգոստոսի 8-ին Երևանի Բուզանդի փողոցի 15 հասցեում գործող «Ռամադա» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ ծեծկռտուքն առաջացել է Երևանի բնակիչներ 42-ամյա Կարոլինա Խ․-ի, 27-ամյա Մեխակ Ս․-ի, 20-ամյա Ռաֆայել Մ․-ի, 28-ամյա Ստեփան Մ․-ի, 25-ամյա Սուրեն Մ․-ի, 46-ամյա Արման Խ․-ի, 29-ամյա Անդրանիկ Ս․-ի, 28-ամյա Էրիկ Հ․-ի, 30-ամյա Արարատ Ա․-ի, 28-ամյա Գուրգեն Ա․-ի, 26-ամյա Սերյոժա Պ․-ի միջև, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից երկուսն իրենց մոտ եղած ատրճանակներից կրակոցներ են արձակել։
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված մարդիկ վիճաբանություն վայր են ժամանել BMW, Porche, Toyota մակնիշի ավտոմեքենաներով։ Միջադեպի ընթացքում կռվի մասնակիցներից մի քանիսը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել BMW-ի ուղևորներին, որի ժամանակ նշված BMW-ի ուղևորներից մեկն ատրճանակից կրակոցներ է արձակել, որից հետո ծեծկռտուքն է՛լ ավելի է թեժացել։ Դրանից հետո Porche ավտոմեքենայի ուղևորն է իր մոտ գտնվող ատրճանակից կրակոց է արձակել։ BMW-ի վարորդն ու ուղևորները փորձել են դիմել փախուստի, սակայն ծեծկռտուքի մյուս մասնակցիները փողոցում տեղադրված երկաթյա աղբարկղերով հարվածներ են հասցրել և վնասել նշված ավտոմեքենան»,- հավելել է կայքը։
Իրավավապահները նշված անձանց և ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։ Ըստ կայքի՝ հայտնի չէ՝ ծեծկռտուքի, կրակոցների հետևանքով տուժած քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ։ Դեպքի փաստով Քննչական կոմիտեն «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնել է քրեական վարույթ, ասված է հրապարակման մեջ։