Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, որն ավելի վաղ ներկայացնում էր Ռուսաստանը, ՀՀ քաղաքացիություն ստանանալուց հետո առաջին խաղն է անցկացրել, գրում է Chempionat.com-ը։
Ցինցինատիի (ԱՄՆ) մրցաշարի որակավորման փուլի կիսաեզրափակչում նա ռակետը խաչաձևել է ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դևիսի հետ և հաղթել 6:3, 6:1 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ, 23 րոպե:
Օգոստոսի 5-ին կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պաշտոնական կայքում 21-ամյա թենիսիստուհու մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել էր հայկականի: Թարմացված համաշխարհային վարկանիշում Ավանեսյանը նշված է որպես Հայաստանի ներկայացուցիչ: Նրա պրոֆիլում հայտնվել է հայկական դրոշ և ARM տարբերանշանը։ Օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր Հայաստանի քաղաքացիություն ստանալը՝ նշելով, որ «շատ ուրախ է, որ այսուհետ խաղալու է հայրենիքի համար»։ Օգոստոսի 8-ին թենիսիստուհին Հայաստանի անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը: