Հայաստանում ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ օգոստոսի 12-ին Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք տեղի ունեցած երկրաշարժին ժամը 10.00-ի դրությամբ հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում։
«ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները: Պարբերաբար գնահատվում է ընթացիկ սեյսմիկ վտանգը: Այս պահի դրությամբ՝ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից»,- մանրամասնել են ՆԳՆ-ից։
Օգոստոսի 12-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում ժամը 02:02-ին 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Ըստ գերատեսչության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 5-6 բալ: Գեղարքունիքի մարզում երկրաշարժն զգացվել էր 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ, իսկ Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։