Օգոստոսի 15-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամները, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Հուշամեդալները նվիրված են ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան Ազնավուրի և նկարիչ-արձանագործ Քոչարի հոբելյաններին։
Ազնավուրին նվիրված հուշամեդալի դիմերեսին պատկերված է երգահանին շնորհված Հայրենիքի շքանշանը՝ հավերժության նշանի ֆոնին: Դարձերեսին նրա դիմապատկերն է՝ հավերժության նշանի ֆոնին, նաև Հայաստանի և Ֆրանսիայի դրոշների միաձուլվող պատկեր: Էսքիզների հեղինակը նկարիչ-գրաֆիկ Հարություն Սամուելյանն է։ Հուշամեդալի վաճառքի արժեքը 33 000 դրամ է։
Քոչարին նվիրված հուշամեդալի դիմերեսին պատկերված է «Մելինեի դիմանկարը» գեղանկարը և «Էրեբունի-Երևան» տարածանկարը: Դարձերեսին Քոչարի դիմապատկերն է, դրվագ «Պատերազմի արհավիրքը» կտավից և «Մելամաղձություն» քանդակը: Էսքիզների հեղինակը Կարեն Մելիքյանն է: Վաճառվում է 29 000 դրամով։
Հուշադրամները կարելի է գնել ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից։
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: