Օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման (Պայծառակերպության) տոնը։ Armenia Today-ը պատմում է, թե որ քաղաքներում ու գյուղերում է նշվելու տոնը։
Խաղողօրհնեքի արարողություն՝ Ոսկեվազում
Ոսկեվազ գյուղի գինեգործարանի տարածքում օգոստոսի 18-ին՝ ժամը 18:30-ին, տեղի կունենա խաղողօրհնեքի արարողություն: Միջոցառմանը մասնակցությունն արժե 10 000 դրամ, երեխաների համար՝ 5000 դրամ։
Գինը ներառում է ֆուրշետ, «Ոսկեվազ» գինու հյուրասիրություն և կենդանի երաժշտություն NewTon խմբի կատարմամբ։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ «Երազ» այգում
Երևանի «Երազ» այգում միջոցառումները կսկսվեն ժամը 18:00-ին խաղողօրհնեքով, որին կհաջորդեն ժողովրդրական երգեր և ծիսախաղեր՝ «Նավակատիք» կրթամշակութային ՀԿ-ի և «ՄԱՍՈՒՆՔ» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ։
Կանցկացվեն նաև տիկնիկագործության, կարպետագործության, գորգագործության, խաչբուռի հյուսման (ցորենի հասկից պատրաստված խաչ-խմբ.), ասեղնագործության, թաղիքագործության վարպետաց դասեր, իսկ երեկոն կավարտվի շուրջպարով։
Տոնակատարություն՝ Աղավնաձորում
Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում տեղի կունենա Խաղողօրհնեքի տոնը, որտեղ կլինեն հյուասիրություններ, համերգային ծրագիր, գինու համտես, DJ։ Սկիզբը՝ 15:00-ին։
Խաղողի փառատոնը Գյումրիում կնշվի օգոստոսի 17-18-ին։ Ծրագիրը ներառում է խաղողի տրորման արարողություն, գինու համտես, կոկտեյլ պատրաստելու վարպետության դաս, հայկական ավանդական պարեր, համերգ և DJ սեթեր։
Մասնակիցների համար ելույթ կունենան նաև Աղասի Իսպիրյանը, Մասիս Հունանյանը և Ռուբեն Սասունցին։ Փառատոնի սկիզբը՝ ժամը 12:00-ին, մուտքն ազատ է։