Yandex Go-ն ապրիլի 24-ին գումար գանձելու համար կփոխհատուցի օգտատերերին, հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օգտատերերից ստացել է հարցումներ՝ 2024 թվականի ապրիլի 24-ին Երևանում Yandex Go-ի իրականացրած ակցիայի վերաբերյալ։ Համաձայն հայտարարված պայմանների՝ «Ստարտ» սակագնով բոլոր ուղևորությունները, որոնց վերջնակետը հանդիսանում էր Ծիծեռնակաբերդի բարձունքը, պետք է արժենային խորհրդանշական 1 դրամ, իսկ վարորդներն ստանային դրա արժեքի ամբողջական փոխհատուցում»,- մանրամասնում է հանձնաժողովը։
Այնուամենայնիվ, ըստ ՄՊՀ-ի, որոշ դեպքերում օգտատերերից գանձվել է ուղևորության ամբողջ արժեքը: Օրինակ՝ վճարովի սպասելավարձի, տարբեր պատճառներով ուղևորությունը փաստացի նշված վերջնակետից մեծ հեռավորության վրա ավարտելու կամ որոշ վարորդների կողմից ուղևորության ամբողջական գումարը գանձելու պատճառներով:
«ՄՊՀ-ն ուսումնասիրել է բարձրացված հարցերը, կապ է հաստատել Yandex Go ծառայության հետ: Ծառայությունը քննություն է իրականացրել և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել օգտատերերին նման ուղևորությունների արժեքը և նախատեսում է առաջիկայում նման փոխհատուցում իրականացնել»,- ասվում է հայտարարությունում։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նշում է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք ուղևորություններ կատարած օգտատերերը, որոնց երթի արժեքը կազմել է 1 դրամից ավել, կարող են դիմել Yandex Go-ի սպասարկման ծառայություն` փոխհատուցում ստանալու հնարավորությունը պարզելու համար։