Անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողներն ու քաղաքացիներն օգոստոսի 19-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա են իրականացրել՝ դիմում-նամակով պահանջելով կա՛մ չեղարկել Բաքվում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովը, կա՛մ մինչև համաժողովն անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։
Ակցիայի նախաձեռնող Ռուզաննա Ստեփանյանը, որը նշված պահանջներով նամակ է հանձնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, լրագրողներին հայտնել է, որ ակցիաները շարունակական են լինելու և հաջորդիվ դիմելու են դեսպանատներին, միջազգային կառույցներին և Սփյուռքին։
«Մենք որևէ կառույցի դուռ չպետք է բաց թողնենք։ Ամեն օր պետք է թակենք նրանց դռները։ ՄԱԿ-ից պետք է պահանջենք, որ մեզ հետ դիմի Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանից պահանջելով հայ գերիների վերադարձը։ ՄԱԿ-ն ունի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց կիրառելու բոլոր գործիքները, պարզապես մենք պետք է լինենք պահանջատեր և մեր տեղում։ ՄԱԿ-ին պետք է ասենք՝ մեր երկրում եք, բայց մեր պահանջներն անտեսում եք»,- լրագրողներին ասել է Ստեփանյանը։
Ակցիան նախաձեռնողն ակնկալում է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իրենց դիմումին կպատասխանի 1-2 օրվա ընթացքում, իսկ եթե պատասխան չստանան՝ կանցնեն հաջորդ քայլերին։
«Մենք պահանջում ենք չեղարկել Բաքվում կայանալիք COP29-ը, քանի դեռ մեր տղաներն այնտեղ են կամ էլ նրանց մինչև այդ համաժողովն անհապաղ ազատ արձակել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «COP29-ը խաղաղասիրական համաժողով է»։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է մի երկրում խաղաղասիրական համաժողով լինել, որտեղ գերիներ են պահվում»,- հավելել է Ստեփանյանը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութերում։