Օգոստոսի 19-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու և Բաքվում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովը չեղարկելու պահանջով ակցիայի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողները հայտարարել են, որ չեն ընդունում իրենց զոհված համարվող որդիների ԴՆԹ նույնականացման հետազոտությունները։ Ծնողները պահանջում են իրենց որդիներին ներառել անհետ կորածների ցուցակում, որտեղից նրանց անունները ԴՆԹ արդյունքները տրամադրելուց հետո հեռացրել են։
«Սխալ ԴՆԹ են տվել, իմ երեխայինը չէ։ Ծնողին ոչ ոք չի կարող խաբել, մեզ ԴՆԹ կեղծ արդյունքներ են տվել։ Թող կեղծ ԴՆԹ-ները վերացնեն, երեխեքի անունները նորից ներառեն անհետ կորածների ցուցակում»,- հայտարարել է ծնողներից մեկը։
44-օրյա պատերազմի ժամանակ «քիմիկների զորամասի» անհետ կորած համարվող զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը, հայտարարել է, որ ԴՆԹ արդյունքները չեն համապատասխանում իրենց երեխաների տվյալներին։
«Արմավիրի մարզում 1 ԴՆԹ-ն 6 տարբեր ընտանիքի են տվել, ինչի փաստերը կան։ Մեկ ընտանիքի էլ 3 ոտք են տվել։ Պետությունը ԴՆԹ ունեցողների անունները հեռացրել է անհետ կորածների ցուցակից, հիմա մենք պահանջում ենք, որ նրանց անունները նորից ներառեն այդ ցուցակում։ Մենք մեր երեխեքին ողջ ու առողջ ենք ուզում»,- ասել է Ադամյանը։
2022 թվականին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ զինծառայողների մարմինների ԴՆԹ հետազոտման, նույնականացման գործընթացն ամբողջութամբ ավարտվել է։
Մանրամասները՝ տեսանյութերում։