Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար, Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է «123-րդ համաձայնագրին» միանալու դիմումը, ՍիվիլՆեթին տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ըստ խոսնակի՝ հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ, գրում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ եթե Հայաստանը միանա «123-րդ համաձայնագրին», դա կարող է ճանապարհ հարթել Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու և կառուցելու համար, որը կփոխարինի Մեծամորի՝ դեռ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ատոմակայանին:
«ԱՄՆ կառավարությունը չի կիսում բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք կարող ենք ասել, որ Պետդեպարտամենտը պատշաճ ուշադրություն է դարձնում «123-րդ համաձայնագրին» միանալու Հայաստանի խնդրանքին»,- ասել է խոսնակը։
Պետդեպարտամենտն «այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի» կամ այս գործարքի հաստատման ժամանակացույցի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, գրում է ԶԼՄ-ն։
Բանակցությունները սովորաբար ձգվում են տարիներ: Անցյալ տարի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Ֆիլիպինների հետ մեկ տարի տևած միջուկային բանակցությունները ամենաարագն էին Միացյալ Նահանգների պատմության մեջ նման համաձայնագրի շուրջ համաձայնության գալու առումով:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մայիսին աջակցել էր Հայաստանի միջուկային ծրագրին, այդ թվում՝ միջուկային անվտանգության բարելավմանը։
Գրոսսին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպել էր մայիսի 20-ին՝ Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովին: ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել էր Հայկական ատոմակայանի հասցեին հնչած «բացահայտ սպառնալիքները» և հայտարարել, որ «խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակման սպառնալիքը համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Գործակալության կանոնադրության խախտում»։ Միրզոյանը պարզաբանել էր, որ Հայաստանը որոշել է էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը, որպեսզի սահուն անցում կատարվի նոր հզորությունների։
2023 թվականի հոկտեմբերին Թուրքիան պահանջել էր փակել Հայաստանում Մեծամորի ատոմակայանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և երկրի խորհրդարանական հանձնաժողովը պնդում են, որ ՄԱԳԱՏԷ-ն և ԵՄ-ն «որոշել են, որ կայանի անվտանգության կարգավիճակը չի համապատասխանում ժամանակակից տեխնիկական չափանիշներին»: Նույն թվականի դեկտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ ատոմակայանը փակելու պլաններ չկան՝ չնայած Անկարայի պահանջին։