Բացահայտվել են Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից առերևույթ կաշառք վերցնելու դեպքեր, հայտնում է Քննչական կոմիտեն։
Մասնավորապես, Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը 2016-2019թթ. ընթացքում իրեն դիմած անձանց կամ վերջիններիս բարեկամների աշխատանքային ստաժի տարիները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ավելացնելու համար 12 քաղաքացուց պահանջել և ստացել է 70․000-240․000 դրամ կաշառք:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը, պատժվում է ազատազրկմամբ 7-12 տարի ժամկետով:)
ՔԿ-ն տեղեկացնում է, որ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Կոմիտեն հիշեցնում է, որ ավելի վաղ նույն պաշտոնյայի կողմից շուրջ 4 տասնյակ այլ քաղաքացիներից կաշառք ստանալու վերաբերյալ առանձնացված վարույթի նյութերը ևս ուղարկվել էին դատարան: