Հիսուս Քրիստոսի արձանը մեր երկրի հրաշալիքներից մեկն է լինելու, լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որի նախաձեռնությամբ Հատիս լեռան տարածքում կառուցվում է արձանը։
Նա նշել է, որ գաղափարի մասին երկար է մտածել, իսկ քննարկումները տևել են ավելի քան 1 տարի։
«Մենք հայ ենք, ազգ, որն առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել։ Ամբողջ աշխարհը պետք է իմանա այդ մասին, ինչը մեզ միայն հզորություն և ճանաչելիություն է տալու»,- ասել է նա։
Անդրադառնալով արձանի կառուցման շուրջ քննադատություններին՝ Ծառուկյանը նշել է, որ հանգիստ և նորմալ է վերաբերվում դրանց։
«Աշխարհում անգամ ամենալավ ծրագիրն իրականացնելու դեպքում քննադատողներ լինում են։ Ժամանակի ընթացքում նրանք կհասկանան հուշարձանի արժեքը»,- հավելել է Ծառուկյանը։
Նա մանրամասնել է, որ արձանին հարակից նաև մշակութային կենտրոն և ճոպանուղի է կառուցվելու։
Նրա խոսքով՝ 2022-ի նախագծով որոշել էին, որ, ընդհանուր առմամբ, արձանը 77 մետր պետք է լիներ․ 33 մետր՝ արձանը, 44 մետր՝ պատվանդանը։ Ծառուկյանը տեղեկացրել է, որ նախագծում փոփոխություններ են իրականացվել, ինչի արդյունքում արձանն այժմ 95 մետր է լինելու։
Ծառուկյանն իր գաղափարի մասին հայտնել էր 2022 թվականի օգոստոսին։ 2022 թվականի նոյեմբերին հայտնել էինք, որ «Հատիս» նախաձեռնությունը դիմել է դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել Ակունքի համայնքապետարանի կողմից Հատիս լեռան տարածքի օտարումը։
Armenia Today-ը հարցում էր անցկացրել մայրաքաղաքում՝ հասկանալու՝ քաղաքացիները տեղյա՞կ են արձանի կառուցման մասին և ի՞նչ վերաբերմունք ունեն գաղափարի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութերում։