Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ, այս մասին ասված է կոմիտեի՝ Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված հայտարարության մեջ։
Կոմիտեն հայտնել է նաև, որ 1990-ականներից մոտ 4000 ադրբեջանցի է անհետ կորած համարվում։
«Անհայտ կորած անձանց խնդիրը շարունակում է մնալ զինված ընդհարումների, բռնության այլ իրավիճակների, աղետների կամ միգրացիայի ամենակործանարար ու երկարատև մարդասիրական հետևանքներից մեկը։ Ամեն տարի այս օրն անհայտ կորածների ընտանիքներին զորակցություն հայտնելու ևս մեկ հնարավորություն է»,- ասված է հայտարարության մեջ։
ԿԽՄԿ-ում նշել են, որ ամեն ինչ անում են անհետ կորածների հարազատներին աջակցելու համար։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։