Ուսումնական տարվա սկզիբն դժվար է պատկերացնել առանց անհրաժեշտ գնումների, որոնց թվում են դպրոցական պայուսակը, հագուստը, գրենական պիտույքներն ու գեղեցիկ աքսեսուարները։
Երևանում սեպտեմբերի 1-ին նախապատրաստվելը կարժենա միջինը շուրջ 100 հազար դրամ, վկայում են Երևանի բնակիչներին ուղղված՝ Armenia Today-ի հարցման արդյունքները:
Ծնողների խոսքով՝ ծախսերի մեծ մասը բաժին է ընկնում դպրոցական համազգեստ գնելուն։ Որոշ ծնողներ հայտնել են, որ երեխաներին անհրաժեշտ դպրոցական իրեր գնելու համար ծախսում են մինչև 250 հազար դրամ:
Թեև նրանք դժգոհում են, որ գները մատչելի չեն, բայց, միևնույն է, երեխային նոր հագուստով և, հատկապես, նոր պայուսակով դպրոց ճանապարհելու ցանկությունը մեծ է։
«Դե պարզ է՝ թանկ է, բայց ի՞նչ անենք, պիտի ստիպված դպրոց ուղարկենք։ Դա իրենց ապագան է»,- ասում է ծնողներից մեկը։
Մյուս ծնողի խոսքով՝ իրենք գնել են միայն նվազագույնը՝ առաջին անհրաժեշտության համար:
«Առավել անհրաժեշտ իրերի համար ծախսել ենք շուրջ 80 000 դրամ, մնացածը՝ կամաց-կամաց՝ հաջորդ աշխատավարձին»,- նշում է հարցման մասնակիցը:
Այն ծնողները, ովքեր դեռ գնումներ չեն կատարել, յուրաքանչյուր երեխայի համար նախատեսում են ծախսել առնվազն 100 հազար դրամ։
«100 000-ից կանցնի, եթե ամեն ինչ առնենք»,- ասում է հարցմանը մասնակցող քաղաքացին։
Որոշ ծնողներ հայտնել են, որ երեխային դպրոց պատրաստելու համար ծախսում են մինչև 250 հազար դրամ։
«Միջինում՝ 200 000 դրամ ծախսել ենք, դեռ էլի ինչ-որ բաներ պիտի գնենք»,- ասում է նա։
Մյուսի խոսքով՝ նախատեսում են ծախսել 250-300 հազար դրամ։
Armenia Today-ը հարց է ուղղել նաև դպրոցականներին, թե սեպտեմբերի 1-ի գնումներից ի՞նչն է ամենաշատը դուր եկել նրանց, հիմնականում պատասխանել են՝ դպրոցական ուսապարկերը, գրչատուփերը և կոշիկները։
«Ինձ ամենաշատը դուր է եկել կոշիկս», «Ինձ դուր է եկել գրչատուփս և պայուսակս, գնել ենք նաև սպորտային հագուստ», անկեղծանում են հարցմանը մասնակցած աշակերտները։
Ըստ ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին օրենքի՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 75 000 դրամ։