Հայաստանի և Չինաստանի միջև գործարկվել է ուղիղ չվերթ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Գերատեսչության փոխանցմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում կայացել է չվերթի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեն, ավիաընկերության ներկայացուցիչներ, հյուրեր:
Սանոսյանը չվերթը պատմական է որակել և վստահություն հայտնել, որ չվերթերը կմեծացնեն ուղևորաշրջանառությունը:
«Այս ուղղությամբ, կարծում ենք, մեծ պահանջարկ կա, և այն բոլոր կողմերից կհեշտացնի մարդկանց կյանքը և կխնայի բավական մեծ ժամանակ: Չվերթերը վստահաբար կմեծացնեն ուղևորաշրջանառությունը, կխթանեն երկու ժողովուրդների միջև կրթական, մշակութային հաղորդակցությանը»,- ասել է նախարարը:
Սանոսյանը կարևորել է նաև տնտեսական բաղադրիչը՝ նշելով, որ բիզնես զբոսաշրջության ուղղությունը Չինաստանի հետ շատ խոստումնալից է, և ուղիղ ավիահաղորդակցության պարագայում այդ շփումները կդյուրացվեն։
Սանոսյանը հավելել է, որ նպատակ ունեն դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ նոր ուղիղ չվերթեր կազմակերպել և ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: «Մոտ ապագայում կունենանք նմանօրինակ նոր չվերթեր դեպի աշխարհի խոշոր քաղաքներ ու երկրներ»,- վստահեցրել է նախարարը:
Հուլիսի 10-ին «Զվարթնոց»-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերին ուղիղ չվերթ կգործարկի Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ։