Armenia Today-ը մեկտեղել է այս հանգստյան օրերին Երևանում և նրա շրջակայքում նախատեսվող իրադարձությունները։
Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի համերգը
Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը սեպտեմբերի 6-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում հանդես կգա մենահամերգով՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին: Ծրագրում՝ Մոցարտի, Շոպենի, Կոմիտասի ստեղծագործություններն են։ Համերգի սկիզբը ժամը 20:00-ին է, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:
Կոստան Զարյանի կյանքի և ստեղծագործության մասին դասախոսություն
Գրականագետ և արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանը սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում հանդես կգա Կոստան Զարյանի կյանքի և գրական ժառանգության մասին դասախոսությամբ: Միջոցառումը կանցկացվի Գրքի երևանյան 7-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Սկիզբը՝ ժամը 15:00-ին:
DataFest 2024 միջազգային ֆորում
Երևանի մոտակայքում՝ Ջրվեժ գյուղում, սեպտեմբերի 6-7-ը կանցկացվի DataFest 2024 միջազգային ֆորումը: Համաժողովը, որն անցկացվում է արդեն 5-րդ տարին անընդմեջ, մեկ հարթակի շուրջ կհավաքի տարբեր երկրների մեքենայական ուսուցման և արհեստական բանականության մասնագետներին: Սկիզբը՝ ժամը10: 00-ին: Մուտքը՝ գրանցմամբ։
Գրական ստենդափ Ազգային պատկերասրահում
Արմեն Սարգսյանը, Վազգեն Օհանյանը, Տիգրան Գևորգյանը և Անդրանիկ Համբարձումյանը սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում հանդես կգան գրական ստենդափով (16+): Միջոցառումը Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում է։ Մուտքը գրքերով է, որոնք փոխանցվելու են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին՝ սահմանամերձ դպրոցների գրադարանները համալրելու նպատակով։ Ստենդափի սկիզբը՝ ժամը 18:00-ին։
Հանդիպում Օլեգ Շիշկինի հետ՝ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի մասին
Ռուս դերասան, սցենարիստ, գրող Օլեգ Շիշկինը սեպտեմբերի 8-ին հանդես կգա «Գեորգի Գյուրջիև. փիլիսոփայի գաղտնիքները Գյումրիից» խորագրով դասախոսությամբ: Շիշկինը մի քանի տասնամյակ զբաղվում է հայտնի հայ փիլիսոփայի կյանքի պատմությամբ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 12:00-ին: Մուտքն ազատ է: