Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Օլիմպիական խաղերի չեմպիոն Էդուարդ Ազարյանը, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, մարմնամարզության հավաքականի մարզիկներ, մարզիչներ, մարզասերներ, Ազարյան ընտանիքի անդամները:
Նշվում է, որ պետական ֆինանսավորմամբ ստեղծված արձանի հեղինակը քանդակագործ Գոռ Դավթյանն է: Նրա խոսքով՝ ներկայացված մի քանի էսքիզներից լեգենդար մարմնամարզիկի որդին՝ Էդուարդ Ազարյանը, ընտրել է վերջնական տարբերակը՝ «Ազարյանական խաչը» թեքված կատարելիս: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ լեգենդար հայ մարզիկի՝ օղակների վրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
Ալբերտ Ազարյանը կյանքից հեռացել էր 2023 թվականի սեպտեմբերի 5-ին՝ 94 տարեկանում: Նրա աճյունն ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում։
Ազարյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ։ Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալներ: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։