Սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում վիրավորում ստացած ոստիկանը` Արթուր Այվազյանը, վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա հավելել է, որ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, վիճակը կայուն է, բայց դեռ պետք է ապաքինման շրջան անցնի:
Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ նա կրակոցներ էր արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 ոստիկան զոհվել էր, մեկը՝ վիրավորվել։ Ավելի ուշ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ որոնում են ոստիկանի սպանության մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանին, որը, ըստ տեղեկությունների, զինված է։
Կրակոցների հետևանքով զոհվել էր ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանն ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել։ Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, իրավապահները ձերբակալել էին ոստիկանի սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդուն։