Free Armenian Prisoners շարժումը բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին՝ կոչ անելով Բաքվում անցկացվելիք Գրան Պրիին ընդառաջ անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար:
«Բարձրաձայնելով այս անարդարության մասին և կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին՝ «Ֆորմուլա 1»-ը կարող է ցուցաբերել մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր ունեցած հանձնառությունը։ Նրանք պատանդ են պահվում, ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի, մերժվում է արդար դատավարությունների անցկացումը: Աշխարհն էլ հետևում է, թե ինչ է կատարվում․ «Ֆորմուլա 1-ը» չի կարող չտեսնելու տալ մարդու իրավունքների դեմ իրականացվող այս աղաղակող խախտումները»,- ասվում է նամակի մեջ:
Նամակում նաև նշվում է, որ «Ֆորմուլա 1»-ը պետք է ի պատասխան Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների՝ դադարեցնի Ադրբեջանի վարչախմբերի ոճրագործությունները «սպորտվոշ» անել (սպորտի միջոցով մաքրագործում)։
Այն ստորագրել են բրիտանացի հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ լորդ Ալթոնը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, պատգամավոր Էնդրյու Ռոզինդելին, ինչպես նաև բրիտանահայ համայնքի ղեկավարներ:
Ադրբեջանի Գրան Պրին «Ֆորմուլա 1»-ի դասի ավտոարշավների աշխարհի առաջնության փուլերից մեկն է։ 2017 թվականից այն անցկացվում է Բաքվում։
Սեպտեմբերի 7-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել էր շուրջ 40 միջազգային կազմակերպությունների և գործիչների՝ Բաքվի բանտերից հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկված ներկայացուցիչների ազատ արձակմանն աջակցելու հարցով։
Սեպտեմբերի 5-ին Free Armenian Hostages նախաձեռնությունը հայտնել էր, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը քննարկելու նպատակով Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն սեպտեմբերի 13-ին կժամանի Հայաստան։
Հուլիսի 23-ին Օկամպոն հայերին ուղղված իր նամակում Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ» և հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովից առաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա, որոնց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։