Հայ առաքելական եկեղեցին սեպտեմբերի 15-ին նշում է Խաչվերացի տոնը, որը հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Քրիստոսի խաչը երեք անգամ է հանդիսավորապես կանգնեցվել` ի տես մարդկանց: Առաջինը Երուսաղեմի եպիսկոպոս Հակոբոս առաքյալն է Քրիստոսի խաչափայտը բարձրացրել Երուսաղեմի տաճարում: Երկրորդ անգամ խաչը Գողգոթայի վրա 326 թվականին բարձրացրել են Կոստանդիանոս Մեծ կայսեր մայրը՝ Հեղինեն և Կյուրեղ եպիսկոպոսը, որոնք խաչը հանել էին աղբակույտից: Երրորդ առիթը խաչի վերադարձն էր պարսկական գերությունից, որից հետո էլ վերջնականապես հաստատվել էր Խաչվերաց տոնը:
Խաչվերացի տոնին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում պատարագ է մատուցվում: