Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով՝ ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի հիմնական նպատակն է ներդաշնակեցնել աղքատության մասին տվյալների ու պետական գնահատման մոտեցումները, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցության քաղաքականությունը դարձնել առավել հասցեական և արդյունավետ։ Այն, ըստ նրա, հիմնված է լինելու մարդկանց իրական եկամուտների և ակտիվների գնահատման վրա՝ միավորելով վերագրման ինստիտուտը։
Ժամակոչյանը նշել է, որ նոր համակարգը հնարավորություն կստեղծի առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը, խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ հիմնվելով սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա և նպաստելով ծայրահեղ աղքատության հաղթահարմանը։
Հուլիսի 11-ին կառավարությունը հավանություն էր տվել «Պետական նպաստների մասին օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել էր, որ նախագծով առաջարկվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի դեպքում պետությունը գործազուրկներին կառաջարկի աշխատանքի տարբերակներ, իսկ առաջարկվող աշխատանքից հրաժարվելը համարժեք կլինի նպաստներից հրաժարվելուն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ անապահովության գնահատման համակարգում իշխանության առաջարկած փոփոխությունները խնդիրներ են առաջացնելու, մեծ է ռիսկը, որ իրական աղքատ ընտանիքները կարող են դուրս մղվել անապահովության նպաստի համակարգից։