Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Զովք»-ի և մի քանի այլ խանութների աշխատակիցներ ու տնտեսավարողներ, ինչպես նաև Վերին Պտղնիի բնակիչներ փակել են ճանապարհը՝ ի նշան արգելապատնեշների տեղադրման դեմ բողոքի, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ լրատվականի՝ քաղաքացիների և այնտեղ ժամանած մեծաքանակ ոստիկանների միջև տեղի է ունեցել քաշքշուք։ Ոստիկաններն ուժով բոլորին հեռացրել են ճանապարհից, բերման են ենթարկել մի քանի ցուցարարի։
Ըստ կայքի՝ նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությունը հստակ պատասխանի, թե ինչի՞ց ելնելով և ո՞ւմ որոշմամբ է ճանապարհի այդ հատվածում երկաթե արգելապատնեշներ տեղադրում։ Ըստ նրանց՝ դա խոչընդոտ է հանդիսանալու իրենց բիզնեսի համար:
«Մի քանի օր է՝ ուզում ենք այդ պատասխանն ստանալ, բայց ոչ ոք հստակ ոչինչ չի ասում: Քիչ առաջ տեղեկացանք, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը արդեն հատուկ տեխնիկաներով ժամանել ու իր գործն է անում: Փակվում է նաև գյուղից դուրս եկող ճանապարհը․ ինչպե՞ս են մարդիկ անցնելու՝ չգիտենք»,- կայքին ասել են ցուցարարները: