Սեպտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամը 17։00-ին, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, կվերաօծվի Մայր Տաճարը: Արարողությունից առաջ եկեղեցու ներկայացուցիչները լրագրողներին հրավիրել էին շրջայց կատարել վերանորոգված Տաճարում։ Շրջայցից հետո Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և հրատարակությունների ու միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը պատասխանել են լրագրողների հարցերին։
Արշակ արքեպիսկոպոսը տեղեկացրել է, որ միջոցառումների կարգախոսն «ինքնության դրոշմն» է։
«Մյուռոնօրհնությունն ու Մայր Տաճարի վերաօծումը մեր ինքնության կարևորագույն և առանցքային խորհրդանիշներից են, ուստի միջոցառումների կարգախոսն «ինքնության դրոշմն» ենք ընտրել»։ Այն արհեստական ջրբաժանը, որը փորձ է արվում ստեղծել նախաքրիստոնեական և քիստոնեական հայերի միջև, կեղծ է»,- ասել է արքեպիսկոպոսը։
Նա նշել է, արարողություններին հնարավոր է լինելու մասնակցել հրավիրատոմսերով։ Նրա խոսքով՝ Մայր Տաճարի ամբողջ տարածքը բաց է լինելու և հավատացյալները հնարավորություն կունենան այնտեղ տեղադրված էկրանների միջոցով հետևել:
«Ցավոք, այդ միջոցառումների անցկացման ոչ բոլոր վայրերում են հնարավորություն ունենալու լինել, բայց Մայր Տաճարի ամբողջ բակային տարածքն այդ օրերին բաց կլինի, հավատացյալները հնարավորություն կունենան արարողություններին հետևել այնտեղ տեղադրված էկրանների միջոցով, իսկ որոշ տեղերում՝ նաև հարակից հասանելի տարածքներից»,- ասել է նա։
Արքեպիսկոպոսը հավելել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլորը հնարավորություն կունենան մոտիկից հետևելու տեղի ունեցող իրադարձություններին, վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա ամբողջ ընթացքում՝ երեկոյան ժամերին, Մայր տաճարում Գարեգին 2-րդ կաթողիկոսի կողմից պատարագներ կմատուցվեն։
Armenia Today-ի հարցին ի պատասխան, թե Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը և Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մասնակցելո՞ւ են արարողություններին, Արշակ արքեպիսկոպոսը նշել է, որ Նուրհան պատրիարքի մասնակցությունն առողջական խնդիրների պատճառով հնարավոր չէ: Նա հավելել է, որ Արամ Ա Կաթողիկոսի հնարավոր այցի հարցը քննարկվում է՝ վերջնական և սպառիչ պատասխան դեռ չունեն։
«Սահակ պատրիարքը մասնակցելու է միջոցառումներին»,- հավելել է արքեպիսկոպոսը։
Մայր Աթոռը հրավիրատոմսեր է ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, պետությունների ղեկավարներին առանձին հրավերներ չեն ուղարկել։
«Մայր Տաճարի վերաօծմանն օտարերկրյա որևէ նախագահի մասնավոր հրավիրել չենք ուղարկել»,- ասել է Նաթան արքեպիսկոպոսը։
Նա հավելել է, որ արարողություններին Սփյուռքից մեծ թվով հյուրեր են հրավիրել, որոնց թվում են քրիստոնեական տարբեր երկրների քույր եկեղեցիների, ինչպես նաև սկանդինավյան երկրների բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ։
Մանրամասները՝ տեսանյութում։