61 ընտանիք դիմել է Կարմիր խաչին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, հայտնում է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը։ Գրասենյակի փոխանցմամբ՝ հարազատները բացել են որոնման հայտեր։
ԿԽՄԿ-ն 275 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ է փոխանակել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ Նշվում է նաև, որ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը։
«2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում մոտ 780 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում`հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ»,- հավելել են ԿԽՄԿ-ից։
Օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։