ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Իր խոսքում Խաչատուրյանն ընդգծել է, որ պետական պարգևներ շնորհելը միայն արարողակարգային միջոցառում չէ, այլ իր մեջ կարևոր խորհրդանշական իմաստ ունի:
«Պետության, իշխանության պարտքն է գնահատել այդ աշխատանքը, ոգևորել և, իհարկե, ոգևորվել, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ ձեր նվիրումը, ձեր հաջողությունը բոլորիս և, առաջին հերթին, մեր պետության հաջողությունն է: Սա է մեզ միավորում, որովհետև մեր երկրի հաջողությունը պայմանավորված է գիտնականի, արվեստագետի, ուսուցչի, պրոֆեսիոնալ զինվորականի, ոստիկանի, գյուղատնտեսի ու շինարարի աշխատանքով»,- ասել է նա:
Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով էր պարգևատրել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովին և «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավար Ալեքսեյ Մելնիկովին՝ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։