Երևանում՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ հայ գերիների վերադարձի հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի օրակարգում ներառելու պահանջով։ Վեհաժողովն ընթանում է Նյու Յորքում՝ սեպտեմբերի 22-27-ը։
Ակցիան ուղիղ եթերում հեռարձակել է Armenia Today-ը իր You Tube-յան ալիքով։
Ցուցարարները՝ «Համահայկական ճակատ» շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ին կոչ են արել մի կողմ թողնել քաղաքական, էներգետիկ և տնտեսական շահերը և ընդունել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձև, եթե վերջինս հրաժարվի ազատ արձակել հայ գերիներին։
«Այսօր եկել եմ կոնկրետ պահանջով, որ մի կողմ դնեն իրենց քաղաքական, էներգետիկ և տնտեսական շահերը և առաջնորդվեն հումանիտար խնդրով։ ՄԱԿ-ը այսօր, հենց այս պահին, մեկ ժամ հետո կարող է բանաձև ընդունել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։ Մենք այս կառույցներից պահանջներ ունենք։ Այս իշխանությունը վաղը Հայաստանում չի լինելու, բայց ՄԱԿ-ի գրասենյակը տարիներ շարունակ կա ու լինելու է, և նա պարտավոր է լուծում տալ այս հարցին»,- ասում է Ստեփանյանը։
«Համահայկական ճակատ» շարժման համակարգողի խոսքով՝ իշխանություններն սպառնացել են գերիների և անհայտ կորածների հարազատներին, եթե մասնակցում են ակցիաներին և պահանջներ են հնչեցնում։
«Այս ընթացքում՝ մեր բոլոր հանդիպումների ժամանակ, մի շարք բացահայտումներ եմ արել։ Հարազատներին ամենավերջին ձևով վախեցնում են, ասում են, որ եթե դուք բարձրաձայնեք, մենք ընդհանրապես ձեր երեխաների էջը կփակենք, չենք զբաղվի այդ հարցով, թեպետ չեն զբաղվում։ Դրանք տարբեր կառույցներ են, որոնց դիմում են հարազատները՝ Քննչական կոմիտե, ԱԱԾ, Կարմիր Խաչ։ Կարմիր Խաչից նույնիսկ ասել են, որ իշխանությունը չի թողնում իրենք նորմալ աշխատեն։ Այս մարդկանց ասում են, որ ձեր երեխաներին լավ բան չի լինի, եթե խոսեք»,- բացատրել է Ստեփանյանը։
Նա հավելել է, որ այս օրերին ՄԱԿ-ում են Ադրբեջանի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պաշտոնյաները, սակայն մինչ այսօր՝ նիստի շրջանակներում, հայ գերիների վերադարձի և անհետ կորածների որոնման հարցերը չեն բարձրացվել:
«Ես ասել եմ և պնդում եմ, որ մեր երկիրը ձեռքերը լվացել է այս խնդրից։ Ավելին, մեր երկրի ղեկավարն այսօր ամենավատ ձևով պախարակում է Բաքվի մեր ռազմագերիներին։ Բոլորս էլ լսել ենք, թե ինչ է խոսվել Ռուբեն Վարդանյանի (Արցախի նախկին պետնախարար-խմբ․) մասին։ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը («Հայկական ժամանակ») նույնիսկ գրել է, որ նա, հնարավոր է, Ադրբեջանի գործակալ է»,- ասում է նա։
«Համահայկական ճակատի» համակարգողը մեկնաբանել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը և «խորհրդանշական» է անվանել Փաշինյանի ժպիտը լուսանկարներում։
«Եթե Էրդողանի նկարը լիներ, կմտածեիր Կտակարանն է այդպես պինդ գրկել։ Ես չգիտեմ, թե ինչու է նա այդպես ժպտացել, հարցրեք նրան: Հարցրեք, թե ով է նրան բերել (իշխանության-խմբ.)»,- ասում է նա։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ակցիայի մասնակիցներին տեղեկացրել է, որ կառույցի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը պատրաստ է ընդունել ցույցի երեք ներկայացուցչի սետեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին։