Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները սեպտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց ինստիտուտի ջրավազանի տարածքում շինարարությունը դադարեցնելու պահանջով ակցիա են իրականացրել, որը շարունակել են Գլխավոր դատախազության դիմաց, գրում է News.am-ը։
Աշխատակիցները ԶԼՄ-ին պատմել են, որ բողոքի պատճառը շինարարության հետևանքով առաջացած փոշին ու աղմուկն են, որոնց պայմաններում աշխատելն անհնար է։ Նրանք հայտնել են, որ թեև «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը կառուցապատման իրավունք չունի, բայց տուգանվելուց հետո վերսկսել է շինարարությունը։
Ինստիտուտի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը պատմել է, որ քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էր կառույցի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը։
«Քաղաքապետարանում գտնում են, որ ինստիտուտի տարածքում իրականացվող շինարարությունը ոչ մի նորմ չի խախտում, ամեն ինչ նորմալ է։ Քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որպեսզի շինարարությունը տեղի ունենա։ Կարելի է ասել, որ քաղաքապետարանի հովանու ներքո է այս ամենը տեղի ունենում»,- ասել է նա։
Սեպտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել էր։
Ինստիտուտի աշխատակիցները 2022-ին բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Այդ ժամանակ նրանք հայտնել էին, որ ջրավազանի տարածքը տասնյակ տարիներ առաջ օտարվել է ապօրինություններով, ինչը պարզել էր նաև Քննչական կոմիտեն, սակայն, վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճվել էր: Ավելի վաղ նրանք նշել էին, որ տարածքը ձեռքից ձեռք վաճառվել էր, և 2019-ին այն ձեռք էր բերել «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը:
Ընկերության մամուլի խոսնակ Նարեկ Մանուկյանը 2022-ին Armenia Today-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք կառուցում են էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր։ Ընկերության ներկայացուցիչն ապատեղեկատվություն էր համարել ակցիայի մասնակիցների այն հայտարարությունը, թե համալիրը լինելու է իրենց տարածքից 20 մետր հեռավորության վրա։