Հայ հոգևոր և ժողովրդական երգի վարդապետ, երգահան, բանահավաք, կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակի առթիվ Երևանում համերգ և ցուցահանդես է կազմակերպվել։
Երևանի Կոմիտասի անվան պուրակում կատարումներով հանդես են եկել Կոմիտասի անվան լարային քառյակը և «Փարոս» երգչախումբը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հոբելյանի առիթով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մտավորականներ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ներկա են գտնվել Վարդապետի հիշատակի խնկարկման արարողությանը:
Հոգեհանգստյան կարգին հաջորդել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ ցուցադրության մեջ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Կոմիտաս Վարդապետի և Մարգարիտ Բաբայանի նամակագրությունը, որն ամբողջությամբ պարուրված է մարդկային ջերմությամբ:
Անդրեասյանը նշել է, որ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Վարդապետի ծննդյան նախօրեին մեկնարկած երգեհոնային երաժշտության միջազգային երկրորդ փառատոնը ևս խորհրդանշական իմաստով նվիրված է Կոմիտասին:
Նախարարն ընդգծել է, որ ուսումնական ծրագրերում շատ մեծ ուշադրություն է դարձվում Կոմիտասի ժառանգության ներկայացմանը: Նա հիշեցրել է, որ 2024-25 ուստարին հայտարարված է մշակութային կրթության տարի, ինչը դպրոցներին թույլ է տալու նաև առանձին ծրագրերով, նախագծերով ներկայանալ այս կարևոր հոբելյանին:
Օգոստոսի 23-ին Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը հանդես էր եկել «Չլսված Կոմիտասը» խորագիրը կրող համերգային ծրագրով։
Հուլիսի 2-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել էր Կոմիտասի ծննդյան 155-ամյակին նվիրված «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» նախագիծը։