Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Մայր տաճարի վերանորոգումն սկսվել էր 2012 թվականին՝ նպատակ ունենալով ամրացնել գմբեթներն ու տանիքը։ Այս պահին տաճարում վերջին վերականգնողական աշխատանքներն են ընթանում։
Օգոստոսին «Հրապարակ» թերթը գրել էր Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանն իշխանություններին հրավիրելու ՀԱԵ ծրագրերի մասին։ Ըստ թերթի՝ Մայր Աթոռը որոշել էր հրավերներ ուղարկել իշխանություններին, առաջին հերթին՝ ԱԽ բոլոր անդամներին ու բոլոր պատգամավորներին՝ չնայած եկեղեցական հարկման հարցերում առկա տարաձայնություններին։
Օգոստոսի 28-ին Նիկոլ Փաշինյանի գրասենյակը հայտարարել էր, որ վարչապետը Մյուռոնօրհնությանն ու նորոգված Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել։ Սեպտեմբերի 17-ին ՀԱԵ-ն տեղեկացրել էր Ալեն Սիմոնյանի՝ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը մասնակցելուց հրաժարվելու մասին։
Սեպտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամը 17։00-ին, Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, կվերաօծվի Մայր Տաճարը: