Տիրոջ պատգամների իրագործմամբ մեր ժողովուրդը պիտի գտնի իր վերելքի ուղիները՝ ամոքելով վերքերը և ընթանալով դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ, սեպտեմբերի 30-ին Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողության իր պատգամում ասել է Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Մայր տաճարի վերաօծման հանդիսավոր արարողությունը, որը հեռարձակել էր Armenia Today YouTube ալիքով։ Սեպտեմբերի 28-ին տեղի էր ունեցել Մյուռոնօրհնության արարողությունը։
«Սիրելիներ, այսօր քաջալեր հոգով ձեզ ենք փոխանցում նորօրհնյալ Սուրբ Մյուռոնը, որպեսզի այն երկնային իր շնորհներով բաշխվի համայն հավատավոր մեր ժողովրդին՝ պահպանելով հավատով ու հույսով լեցուն և մեր եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտին հավատարմության մեջ»,- նշել է կաթողիկոսը։
Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ Գարեգին 2-րդը հույսն ու հավատը զորացնելու պատգամ է հղել։
«Մեր հույսն ու հավատքն առկա փորձությունների մեջ պիտի ջանանք զորացնել, վառ պահել ու ամուր պահպանել, որպեսզի մեր կյանքում առատացնենք Աստծո օրհնությունը։ Ինչպես Մատթեոս Ուռհայեցի պատմիչն է ասում, մեր հավատը, որ հիմնված է ադամանդյա հիմքերի վրա Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների և Սուրբ Գրիգոր Լուսավորչի, կա ու կմնա հավիտյանս անսասան։ Սուրբ առաքյալների և առաքելապատիվ հայրապետի ավանդած հավատը և մեր նախնյաց ժառանգությունն ու սրբազան արժեքների նկատմամբ հավատարմությունը պիտի շարունակեն լինել անսասան հենասյուները մեր աստվածահաճո, ազգանվեր մյուռնադրոշմ կյանքի՝ նախանձախնդրությամբ փոխանցվելով սերնդեսերունդ»,- ասել է նա։
Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ Մայր Աթոռից բաշխվող Մյուռոնը զորություն պիտի պարգևի հայ ժողովրդին, և Քրիստոսի Սուրբ անունը փրկության հույսով միշտ պիտի միավորի ու համախմբի ազգի զավակներին: