Մինչև հոկտեմբերի վերջ Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից և կանցնի միասնական վճարային համակարգի, հայտնել է Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստին։
«Մետրոպոլիտենի յուրաքանչյուր կայարանում սեպտեմբերի 15-ից հետո ունեինք մեկ անցակետ, որն աշխատում էր ժետոնով։ Ամենայն հավանականությամբ, մինչև այս ամսվա վերջ ժետոնն ամբողջությամբ կվերանա և կանցնենք միասնական (էլեկտրոնային) վճարային համակարգի»,- պարզաբանել է Սեդրակյանը։
Նա հավելել է, որ մետրոպոլիտենից օգտվողների (վերջին շաբաթվա ընթացքում` 582 622, մոտ 109%) ընդհանուր թվի կեսից ավելին՝ 341 589 հազար ուղևոր (մոտ 66%) օգտվել է նոր, միասնական վճարային համակարգից։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որը նախատեսում է հասարակական տրանսպորտի թանկացում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգը, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հուլիսի 4-ին Armenia Today-ի խնդրանքին ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել էին, որ հուլիսի սկզբին տեղադրվել են QR կոդերը կարդալու համար նախատեսված նոր անցակետեր, և յուրաքանչյուր կայարան ներկայումս ունի միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ: Քաղաքապետարանը չէր հստակեցրել, թե երբ է դադարեցնելու ժետոնային համակարգը, միայն նշել էին, որ հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ծրագրի իրականացումը, որը նախատեսում է մետրոյում անցակետերի փոխարինում, իրականացվում է փուլերով՝ հնարավորություն տալով քաղաքացիներին հարմարվել նոր համակարգի աշխատանքին և օգտագործել իրենց ձեռք բերած ժետոնները։ Քաղաքապետարանից նշել էին, որ ավագանու համապատասխան որոշմամբ կներդրվեն այլ տեսակի տոմսեր, QR կոդեր, թղթային և էլեկտրոնային կրիչներ։