Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի եղբայրը՝ Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին ժամանել է Երևան՝ Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT2024/DigiTec) մասնակցելու նպատակով, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
WCIT-ում ունեցած ելույթի ժամանակ Մեսսին ընդգծել է Հայաստանի ներուժն ու զգալի առաջընթացը տեխնոլոգիաների ոլորտում։
«Շնորհակալ եմ Հայաստանին ու հայ ժողովրդին ջերմ ընդունելության համար: Տեսնում եմ, թե ինչպես է ամեն անգամ տեխնոլոգիաների տեսանկյունից Հայաստանն առաջ շարժվում»,- ասել է նա։
Leo Messi ընկերության տնօրենը կոնգրեսի մասնակիցներին պատմել է սպորտում արհեստական ինտելեկտի ապագայի մասին, որից հետո նա և իր թիմը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել են համագործակցության հեռանկարները։
Մեսսին այցելել է նաև Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և բարձր գնահատել դրա դերը դեռահասներին տեխնոլոգիաների աշխարհում հաջողության հասնելու ոգեշնչման գործում։ Ֆուտբոլիստի եղբայրը կենտրոնին նվիրել է Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը՝ Լիոնել Մեսսիի ինքնագրով։
««Թումոն փոփոխությունների խթան է։ Դուք աննախադեպ հնարավորություններ եք ստեղծում երիտասարդների համար»,- ասել է Մեսսին։
Նրան «Թումո» է ուղեկցել ամերիկահայ գործարար, Graph Ventures վենչուրային ընկերության գործընկեր Ռազմիկ Հովագիմյանը, ով նաև ղեկավարում է ֆուտբոլիստի ստեղծած Play Time ներդրումային ընկերությունը՝ սպորտային նախագծերում, տեխնոլոգիաներում և լրատվամիջոցներում ներդրումներ կատարելու համար։
Հոկտեմբերի 4-7-ը Երևանում կայացել է Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Հոկտեմբերի 7-ին WCIT2024/DigiTec-ի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ Հովագիմյանը մասնակիցներին էր փոխանցել SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հատուկ ուղերձը, ով հայտարարել էր Հայաստանում Starlink-ի թողարկման մասին: