Երևանի կենտրոնի դպրոցներից մեկում պատմության ուսուցչուհին 9-րդ դասարանի աշակերտներին դասի ժամանակ կոչ է արել Հայոց պատմության փոխարեն ուսումնասիրել Համաշխարհային պատմությունը, որպեսզի հետո «չերազեն Արցախ վերադարձի մասին», գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով այդ դասարանի աշակերտներից մեկի ծնողին։
«Ոչ թե Հայոց պատմություն սովորեք, այլ՝ Համաշխարհային, որ Հայոց պատմություն սովորեք, մեծանաք` դաշնակցական կդառնաք, իսկ «Դաշնակցությունը» հայ ժողովրդին միայն վնասներ է տվել»,- ուսուցչի խոսքերը փոխանցել է ծնողը։
Ըստ թերթի՝ ուսուցիչը 35 աշակերտին ուղղված իր կոչը բացատրել է «աշխարհի քաղաքացիներ, այլ ոչ թե հայերի կրթելու» իր մոտեցմամբ, որոնք մի օր կարող են երազել «Ծովից ծով մեծ Հայաստանի կամ Արցախի վերադարձի մասին»։
Հուլիսի 11-ին կառավարությունը որոշել էր անվանափոխել «Հայոց պատմություն» դպրոցական առարկան «Հայաստանի պատմություն»։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին տված հարցազրույցում դա անվանել էր «Թուրքիայի նախապայմանների կատարում»։