Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-ին և 18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը։
Ըստ հայտարարության՝ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Հիդրոմետի տվյալներով՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել էին: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետն այցելել էր աղետի գոտի։
ՀՀ կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։
Հունիսի 28-ին Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել էր Լոռու մարզի ջրհեղեղից տուժած գյուղեր, բնակիչները պատմել էին, թե ինչպես են փրկվել ջրհեղեղից։